Չնայած այն բանին, որ Թուրքիայի կառավարության որոշմամբ սիրիացի փախստականներին թույլատրվել է աշխատել, այդ երկրի տնտեսությունում ոչ պաշտոնապես զբաղված սիրիացիների թիվը շարունակում է աճել: Սիրիացի փախստականները հարկադրված են Թուրքիայում աշխատել ամենածանր պայմաններում' միջին շուակայականից խիստ ցածր աշխատավարձով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի վարչության հրապարակած զեկույցի համաձայն' Թուրքիայում սիրիացի փախստականների պաշտոնական թիվը հասել է 1,4 մլն-ի:

 

Չնայած սիրիացի փախստականներին պաշտոնապես աշխատելու թույլտվությունը հրապարակվել է անցյալ շաբաթ, սակայն, այն դեռեւս ուժի մեջ չի մտել, քանի որ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը դեռեւս չի որոշել փախստականների նվազագույն աշխատավարձի սահմանը եւ զբաղվածության հատվածում քվոտաները:

 

Այդ պատճառով բազմաթիվ սիրիացիներ շահագործման են ենթարկվում գործատուների կողմից: Խոշոր քաղաքների տեքստիլ ֆաբրիկաներում աշխատող սիրիացի փախստականն ամսական ստանում է մոտ 600-800 լիրա, սակայն, հարավային եւ հարավարեւելյան շրջաններում, որտեղ սիրիացի փախստականների թիվն ավելի մեծ է, այն չի գերազանցում 240-500 լիրան: Փախստականների համար ժամավճարը կազմում է 0,95 լիրա, որը համարժեք է 0,42 դոլարի: Նույն հատվածում լեգալ աշխատող բանվորի մեկ ժամ աշխատանքի համար այն կազմում է 5,48 դոլար:

 

Թուրքիայի հեղափոխական աշխատավորների արհմիությունների համադաշնության ղեկավարի կարծիքով' աշխատանքի շուկայում իրավիճակը գնալով կվատանա: Նրա խոսքով' ապօրինի աշխատող փախստականները խթանում են էժան աշխատուժի աճն, ինչը նպաստում է եկամուտների անհավասարության հետագա աճին, որն առանց այն էլ արդեն մեծ խնդիր է երկրի համար:

 

Թուրքիայում 1,4 մլն սիրիացի փախստականներից ընդամենը 220 հազարն են գտնվում հատուկ ճամբարներում: