Թուրքիայի Մարդին նահանգում բախում է տեղի ունեցել սիրիացի փախստականների եւ զինվորականների միջեւ, ինչի արդյունքում 4 զինծառայողներ վիրավորվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մարդինի փախստականների ճամբարում 66 մարդ թունավորվել է: Զանգվածային թունավորումից հետո ճամբարում անկարգություններ են սկսվել, ինչին միջամտել են զինվորականները: Միջադեպի արդյունքում 17 սիրիացիներ ձերբակալվել են:
Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարներում նման միջադեպերը հաճախակի են: Փախստականները դժգոհ են կենսապայմաններից եւ իրենց նկատմամբ վերակացուների ու տեղացիների վատ վերաբերմունքից:
Թուրքիայում 1,6 միլիոնից ավելի սիրիացի փախստականներ կան: Միայն Ուրֆայի նահանգում սիրիացի փախստականների թիվը հասնում է 500 հազարի: Թուրքիայի տարածքում ճամբարներում սիրիացի փախստականների թիվը կազմում է մոտ 300 հազար: Մնացածները ցրված են նահանգներում եւ քաղաքներում: Միայն Ստամբուլում ներկայում բնակվում է 40 հազար սիրիացի փախստական: