Թուրքիայի Իգդիր քաղաքում Սիրիայի քրդաբնակ Քոբանիի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումների դեմ երեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Իգդիրի քուրդ բնակիչները թուրքական պետությունից պահանջել են թույլ տալ իրենց մասնակցել Քոբանիի ինքնապաշտպանական մարտերին, ինչն Անկարան մերժում է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, ցուցարարները ցանկացել են երթով գնալ քաղաքապետարանի հրապարակ: Այդ ժամանակ ոստիկանական ուժերը միջամտել են, եւ ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջեւ բախում է տեղի ունեցել: Ակցիայի ժամանակ մասնակիցների կողմից ոստիկանների ուղղությամբ նետված քարերը դիպել են ադրբեջանցի քաղաքացիների աշխատատեղերի լուսամուտներին եւ ջարդել ապակիները: Արդյունքում բանավեճ է սկսվել ադրբեջանցիների եւ ցո ւցարարների միջեւ, որը հետո վերածվել է բախման: Քրդերն ու ադրբեջանցիները միմյանց քարեր են նետել եւ հարվածել փայտերով: Զանգվածային կռվի ժամանակ, որին մոտ 300 մարդ է մասնակցել, 15 մարդ վիրավորվել է:

 

Արդյունք չի տվել նաեւ քուրդ-ադրբեջանական բախմանը Իգդիրի նահանգապետ Դավութ Հաների միջամտությունը: Միջադեպի վայր մեծ թվով ժանդարմական եւ ոստիկանական ուժեր են բերվել: Իրադարձությունները շարունակվել են ամբողջ գիշեր: