Բաքվի Մուշվիգաբադ ավանում բախում է տեղի ունեցել վահաբիների (սունի) եւ շիաների միջեւ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաքվի Գարադաղի շրջանի ոստիկանության վարչությունը AzNews.az լրատվական կայքին հայտնել է, որ իսլամի սունի ուղղության հետեւորդ արմատական վահաբիների խումբը հարձակվել է շիա դավանանքի հետեւորդ հավատացյալների վրա, որոնք Ռամազան ամսին իրականացվող իֆթարից (պահքի ճաշ) հետո պատրաստվում էին ցրվել: Այն պահին, երբ շիաները սկսել էին հավաքել իֆթարի սեղանները, վահաբիների խումբը «Ալլահու աքբար» բացականչություններով հարձակվել է նրանց վրա եւ ծանր հարվածներ հասցրել: Նրանք շիաներին մահվան սպառնալիքներ են տեղացել: Բախումը դադարել է այն բանից հետո, երբ շիաները մտել են մզկիթ: Ոստիկանությունը հայտնել է, որ այդ մասին իրենք տեղեկացել են բախման ավարտից հետո, եւ միջադեպի հետ կապված քննությունը պետք է անցկացնեն տեսախցիկների գրանցումների հիման վրա:
Որոշ դիտորդների կարծիքով' Սիրիայում եւ Իրաքում օրեցօր ահագնացող միջկրոնական բախումները հնարավոր է ապագայում ներթափանցեն նաեւ Ադրբեջան, որտեղ այժմ դաժան դիմակայություն է սկսվել արմատական իսլամիստական խմբավորումների միջեւ: Նման առաջին զինված միջադեպը արմատական խմբավորումների միջեւ տեղի է ունեցել անցյալ դեկտեմբերի 11-ին, Սումգայիթում: Որոշ ժամանակ առաջ ադրբեջանցի մոջահեդներից մեկի կողմից' «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման կազմում կռվող ադրբեջանցիներին ուղղված մեղադրանքը իսկական թշնամության է վերածվել այդ խմբավորումների միջեւ, ինչը գնալով ավելի է խորանում:
Jam.az լրատվական կայքը հայտնել էր, որ Ադրբեջանում գործող «Մեշա գարդաշլարը» (Անտառի եղբայրներ) եւ «Ջեյշուլլահ» (Ալլահի բանակ) արմատական իսլամիստական կազմակերպությունները հունվարի 29-ին հանդես էին եկել Ադրբեջանի իշխանության դեմ ահաբեկչական գործողություններ սկսելու մասին հայտարարությամբ: Նրանք սպառնացել են Բաքվում առաջին իսկ հարձակման ժամանակ 100 ոստիկան սպանել: «Ջեյշուլլահ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ շուտով իրենք ջիհադ (սրբազան պատերազմ) են հայտարարելու Ադրբեջանում: