Բաքվի Սաբունչիի շրջանի Բաքիխանով ավանում 100-ից ավելի իսլամիստներ բողոքի ակցիա են անկացրել' բողոքելով «Մահմեդական միության շարժման» (շիա ուղղության) փոխնախագահ Էլչին Գասըմլըի ձերբակալության դեմ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվական կայքը: Էլչին Գասըմլըն ձերբակալվել է Բաքվի մզկիթներից մեկում նամազից հետո:
Էլչին Գասըմլըի ձերբակալության պատճաը հայտնի չէ: Մի քանի օր առաջ շարժման նախագահ Թալե Բաղիրզադեն անհայտ պատճառով տարվել է Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանական վարչություն եւ ֆիզիկական ճնշումների ենթարկվել:
Զայրացած իսլամիստների ամբոխն ու այդ կազմակերպության անդամները շրջապատել են ոստիկանական բաժանմունքը, որում պահվում է Էլչին Գասըմլըն' պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան:
Միջադեպի վայր են ժամանել ներքին զորքերի ստորաբաժանումներ, որոնք օղակել են Սաբունչիի շրջանի ոստիկանական վարչության մատույցները:
Ոստիկանությունն ակցիան ցրելու ժամանակ բռնություն է կիրառել իսլամիստների դեմ եւ ձերբակալել 20 մարդու:
Թալե Բաղիրզադեն միջադեպի առնչությամբ Facebuk-ի էջում, դիմելով իր համակիրներին, գրել է. «Հարգելի մահմեդականներ: Այս վարչակարգն ամբողջությամբ կորցրել է գլուխը: Նրանք ժողովրդին դրդում են անկարգությունների: Նրանք արդեն երկար ժամանակ ցուցադրում են իրենց կեղեքողական էությունը: Այժմ էլ ձերբակալել են աստվածաբան Էլչին Գասըմլըին: Հավատացյալները խմբերով գնում են Սաբունչիի շրջանի ոստիկանական վարչություն: Նրանք պատասխան կտան Էլչին Գասըմլըի նկատմամբ յուրաքանչյուր ոչ իրավական գործողության համար: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրանց: