Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւը միակողմանի հայտարարած երկարատեւ հրադադարից հետո առաջին անգամ գնդակոծել է Թուրքիայի զինված ուժերի Իրաքի հետ սահմանակից Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի Դաղլըջա գյուղի դիրքերը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը' հղում կատարելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:
Թուրքական զորամիավորումները պատասխան կրակ են բացել PKK-ի հրանոթային զարկերին: Այնուհետեւ հակառակորդ ուժերի միջեւ ավտոմատներից եւ գնդացիրներից փոխադարձ գնդակոծություն է տեղի ունեցել:
Թուրքիայի կառավարությունը 2009 թվականից քրդական խնդիրը լուծելու ուղղությամբ մտադրությունների ծրագիր էր մշակել, ըստ որի, խնդրի կարգավորման շուրջ կառավարությունը կսկսի քայլեր կատարել, եթե PKK-ն վայր դնի զենքը եւ զինյալներին դուրս բերի Թուրքիայի տարածքից: Իմրալի բանտում ցմահ ազատազրկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ երկարատեւ բանակցություններից հետո ձեռք բերված այդ համաձայնության շրջանակում քրդերը սկսել էին դուրս բերել զինյալներին : Սակայն, տեսնելով, որ Թուրքիայի կառավարությունը ոչ մի կոնկրետ քայլ չի կատարում քրդական խնդրի կարգավորման համար, PKK-ն դադարեցրել էր գործընթացը:
PKK-ի եւ Թուրքիայի ԶՈւ միջեւ բախումների վերսկսումն, ամենայն հավանականությամբ, կապված է այն բանի հետ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոստումը կատարելու փոխարեն, օրերս հայտարարել է, թե «Թուրքիայում քրդական խնդիր գոյություն չունի»: PKK-ի զինյալ թեւը դրան ի պատասխան հայտարարել է, որ կպահպանեն նախկին պայմանավորվածությունները, եթե Թուրքիայի կառավարությունը քրդական խնդիրը լուծելու մասին համաձայնագիր ստորագրի իրենց հետ:
Քրդական ինքնավարություն ստեղծելու պահանջով PKK-ն զինված գործողությունները սկսել է 1980-ական թվականներից: Մինչ այժմ PKK-ի եւ Թուրքիայի ԶՈւ միջեւ բախումներում 40 հազարից ավելի մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս է կրել: