Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում փոխհրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանցիներից կազմված խմբավորման եւ տեղացիների միջեւ, ինչի հետեւանքով 3 ուկրաինացիներ վիրավորվել են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, փաստը հաստատել է Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ համագումարի նախագահ Ռովշան Թաղիեւը' նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 26-ին տեղական ժամանակով ժամը 13:00-ին:

 

Միջադեպի վայրից փախուստի դիմած ադրբեջանցիներին ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Բեսարաբյան շուկայի մոտ: Ձերբակալության ժամանակ նրանք դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը: Ադրբեջանցիներին պատկանող ավտոմեքենայում զենք եւ զինամթերք է հայտնաբերվել:

 

Ուկրաինական ԶԼՄ-ները մարտի 26-ին հայտնել էին, որ Ադրբեջանի երեք քաղաքացիներ մարտի 26-ի կեսօրին Կիեւի կենտրոնում, Բեսարաբյան շուկայի մոտակայքում փողոցի կենտրոնում գնդակահարել են «Ֆելինի» ռեստորանից դուրս եկած Ուկրաինայի արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային: Վերջինս ազդրի մասի վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: Մահափորձի ենթարկված բարձրաստիճան պաշտոնյայի անունը չի հրապարակվել:

 

Հանցագործները կրակ են բացել իրենց հետապնդող ոստիկաններին, ինչի հետեւանքով ոստիկանական ավտոմեքենայի վարորդը եւ մեկ ոստիկան վիրավորվել են: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել նրանց: Հանցագործների ավտոմեքենաների զննության ժամանակ հայտնաբերվել են 4 ատրճանակ եւ մեկ ինքնաձիգ: Կիեւի ոստիկանապետ Ալեքսանդր Տերեշյուկը ԶԼՄ-ներին հաստատել է, որ երեք հանցագործներն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են: