Սիրիայում ընթացող պատերազմական իրադրության հետևանքով Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների մի մասը բնակվում է նախկին հայկական բնակավայրերում: Այդպիսի շրջաններից է Այնթապի Շահինբեյ գավառի Թեփեբաշը թաղամասը, որի Քուրթուլուշ անունը կրող մզկիթը նախկինում եղել է Մարիամ Աստվածածին հայկական տաճարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ակոս» պարբերականը գրում է, որ մի ժամանակ հարուստ հայկական ընտանիքների կողմից բնակեցված տներում այսօր սիրիացի փախստականները բնակվում են գորգերով փակված պատուհաններով և դռներով:

 

Սելամի ընտանիքը սիրիացի փախստական ընտանիքներից մեկն է: Ընտանիքի անդամները վախենում են լուսանկարվել, ի ցույց դնել իրենց ինքնությունը, միայն թույլ են տալիս, որպեսզի երեք երեխաները ժպտան ֆոտոխցիկի առաջ: Տան ավագ երկու երեխաներն էլ աշխատանքի են: Հայերի պատմությունն այս ընտանիքին խորթ չէ: Սելամի ընտանիքի հայրը'Հոսսամը, հայերի մասին պատմում է. «Երբ նրանք եկան մեր երկիր, նույն այն վիճակում էին, ինչ մենք հիմա: Այսօր մենք էլ այլևս ոչինչ չունենք: Պատերազմը մեզնից ամեն բան խլեց-տարավ' այնպես, ինչպես հարյուր տարի առաջ տեղի ունեցավ հայերի հետ: Սա էլ մեր 1915 թվականն է»:

 

Սիրիացիների ընտանիքի ամենամեծ վախն այն է, որ հակասիրիական տրամադրությունները կարող են աճել և վերածվել ջարդերի: Հոսսամի կինը' Շերիֆեն, ցավով հայտնում է, որ իրենք մշտապես ենթարկվում են խտրականության, վիրավորանքների: «Մեր միակ ցանկությունը ողջ մնալն է»,- վշտով նշել է Շերիֆեն: