Լոնդոնից 50 կիլոմետր հեռավորության վրա՝ Գատվիկ օդանավակայանից ոչ հեռու, հայտնաբերվել է նավթի զգալի պաշարներով հանքավայր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ին հաղորդել է UK Oil and Gas Investments (UKOG) ընկերությունը: Ընկերության տվյալների համաձայն՝ այդ հանքավայրում նավթի մոտավոր պաշարը կարող է կազմել շուրջ 100 միլիարդ բարել՝ 158 միլիոն բարել մեկ քառակուսի մղոնի (մոտավորապես 2,6 քառակուսի կիլոմետրի) վրա: Սակայն հանքավայրից կարող է կորզվել նավթի սոսկ ոչ մեծ բաժինը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այդ վայրում հորատումն սկսվել է անցյալ տարի: UKOG-ի տվյալներով՝ նավթի մեծ մասը գտնվում է 762 և 914 մետր խորությունների վրա: Փորձագետները ենթադրել են, որ կարող է ստացվել պաշարների սոսկ 3 տոկոսից մինչև 15 տոկոսը:
UKOG-ի գործադիր տնօրեն Սթիվեն Սանդերսոնի խոսքով՝ «այս հայտնագործումը, հնարավոր է՝ ամենանշանակալին է» վերջին 30 տարում Մեծ Բրիտանիայի ցամաքում գտնվածներից և «ազգային մեծ կարևորություն ունի»: