Սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում գտնվող Ջոբար թաղամասում հայտնաբերել է թունելների ցանց, որոնցով իրար են միացվել մի քանի շինություններ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, թունելներից մեկի վերջում հայտնաբերվել է սենյակ, որն ահաբեկիչներն օգտագործել են որպես բանտ գերիների համար, մյուսը համարվել է նրանց նստավայրը, որտեղից հարձակումներ են իրականացվել: Ռազմական գործողությունների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

 

Դեր Զորի մարզում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ահաբեկիչները լուրջ կորուստներ են կրել, ոչնչացվել են մի քանի տանկեր: ԻՊ-ի թաքստոցներ են ոչնչացվել Ջաբալիա, Ռաշիդին, Հուեյկա, Ռասաֆա, Արաֆի, Սինաա բնակավայրերում:

 

Բանակը կանխել է ԻՊ-ի հարձակումը Թել ալ Հուջեյֆ շրջանի հեռուստառադիոկայանի վրա: Հարձակվողների մեծ մասը սպանվել է:

 

Մասնավորապես Թաֆթանազ, Մարտին, Խան աս Սուբլ շրջաններում բանակն ԻՊ-ի մեծ թվով անդամների է ոչնչացրել, բացի այդ մեծ վնասներ է հասցվել նրանց տեխնիկային:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպի մարզում 142 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:

 

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող հակամարտությունում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են աշխարհի ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալներ: Սիրիական հսկայական տարածքներ գտնվում են աշխարհի խոշորագույն ահաբեկչական կազմակերպություն համարվող ԻՊ-ի վերահսկողության տակ: