Ստամբուլի Շիշլի թաղամասում' հայկական կաթոլիկ Մխիթարյան վանքի և դպրոցի հիմնադրամին պատկանող տարածքում իրականացվող շինարարության ժամանակ պատմական շինություն է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

 

Նախկին «Ինջի» կինոթատրոնի տարածքում գտնվող շինությունն աշխատանքային մեքենաների կողմից վերջնական ոչնչացումից հնարավոր է եղել փրկել միայն վերջին պահին մի քաղաքացու ուշադրության շնորհիվ: Քաղաքացին նկարահանել էր, թե ինչպես աշխատանքային մեքենան, բախվելով գտնված հնագիտական անհայտ երևույթին, փորձել էր այն ծածկել' ավելի ուշ' գիշերը ոչնչացնելու ակնկալիքով: Քանի որ թուրքական թիվ 2863 օրենքը նախատեսում է պատմական շինության հանդիպելու դեպքում դադարեցնել աշխատանքները և դիմել մոտակա թանգարան, ինչը չի արվել, հարուցվել է քրեական գործ:

 

Դեպքի վայր ժամանած Ստամբուլի հնագիտական թանգարանի մասնագետները կարճ ուսումնասիրությունից հետո հայտնել են, որ գտածոն բյուզանդական շրջանի ջրամբար է: