Պոլսահայ ականավոր ճարտարապետական Պալյան ընտանիքի անդամներից մեկի' Կարապետ Պալյանի կորած գերեզմանաքարը հայտնաբերվել է Ստամբուլի քաղաքապետարանին պատկանող կառույցներից մեկում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս» պարբերականը:
Գերեզմանաքարը հայտնաբերվել է քաղաքապետարանին պատկանող տարածքի փլուզված շենքերի մեջ: Ենթադրվում է, որ գերեզմանաքարը գողացվել է Բեշիքթաշի հայկական գերեզմանատնից: Կարապետ Պալյանի գերեզմանաքարից բացի նույն տարածքում հայտնաբերվել են դժվար ընթեռնելի հայերեն գրություններով այլ գերեզմանաքարեր և արձանագրություններ: Այն հարցին, թե ինչպես է գերեզմանաքարը հայտնվել մեկ այլ կառույցի մեջ, քաղաքապետարանը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ' հավելելով, որ կուսումնասիրի խնդիրը:
Կարապետ Պալյանը (1800-1866) Պոլսում հայտնի Պալյանների ընտանիքի անդամներից է, եղել է պալատական ճարտարապետ: Նրա ամենանշանավոր գործը Ստամբուլի Դոլմաբահչեի սուլթանական պալատն է, որը ներկայում Թուրքիայի վարչապետի նստավայրն է: Մյուս գործերից են Չիֆթե սարայլարը (Զույգ պալատ), Չրաղանի հին պալատը, Իզմիթի իշխանական դղյակը, Ստամբուլի Եդիքուլեի թաղամասում գտնվող հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցը, տեղի Սուրբ Հակոբ, Բեշիքթաշի թաղամասի Սուրբ Աստվածածին, Քուրուչեշմեի Երևման Սուրբ Խաչ, Գալաթասարայի Սուրբ Երրորդություն եկեղեցիները, Դոլմաբահչեի մզկիթը, նաև ամբարտակնե ր, գործարաններ և այլն: 1847 թ, սուլթան Աբդուլ Մեջիդից ձեռք է բերել Ազգային հոգևոր և գերագույն ժողովների արտոնագիր, 1853 թ. ընտրվել է գերագույն ժողովի, 1859 թ. քաղաքական (աշխարհիկ գործերի) ժողովի անդամ: Նա հոգացել է Սկյուտար թաղամասում իր կառուցած ճեմարանի ծախսերը, նյութապես օժանդակել «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի շինարարությանը, որին կից հիմնել է գյուղատնտեսական ուսումնարան: Պարգևատրվել է թուրքական կառավարության «Պատվո նշան» շքանշանով: