Թեհրանը կկարողանա վերսկսել ուրանի հարստացումը մինչեւ 20 տոկոսի մակարդակ այն դեպքում, եթե «վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) հրաժարվի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ապագա վերջնական համաձայնագրի շուրջ իր պարտավորություններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել Է ազգային հեռուստատեսության եթերում:

 

«Ինչ վերաբերում Է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանին, ապա մենք ցանկացած ժամանակ կկարողանանք միավորել ցենտրիֆուգների երկու կասկադ ավելի քան 5 կիլոգրամ նման վառելիք արտադրելու համար այն դեպքում, եթե հակառակ կողմը չկատարի իր ստանձնած պարտավորությունները»,-ընդգծել Է Սալեհին:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «վեցյակի» հետ 2013 թվականի նոյեմբերի 24-ի ժամանակավոր համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան, Իրանը իր միջուկային օբյեկտներում ուրանի հարստացման մակարդակը նվազեցրել Է մինչեւ 5 տոկոս: Ժամանակավոր համաձայնագիրը գործում Է մինչեւ 2015 թվականի հունիսի 30-ը: Մինչ այդ Իրանը եւ «վեցյակը» ձգտում են վերջնական համապարփակ համաձայնության հասնել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

 

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնագիրը չի երաշխավորում, որ վերջնական պայմանագիր կստորագրվի: Խամենեին նաեւ ասել Է, որ «իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նախնական համաձայնագիրը իրավաբանական պարտավորություններ չի առաջացնի»: Բացի այդ, Իրանի գերագույն ղեկավարը նշել Է, որ «հիմնվելով նախորդ փորձի վրա՝ երբեք լավատեսորեն տրամադրված չի եղել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում»:

 

Իր հերթին, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ Իրանը միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ չեն չեղարկվել նրա դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները:

 

«Մենք ոչ մի համաձայնագիր չենք ստորագրի, եթե նույն օրը չհանվեն բոլոր պատժամիջոցները,- ընդգծել Է Ռոուհանին:- Մենք փոխշահավետ գործարք են ցանկանում միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար»: