Ցեղասպանությունը, որ պատահել է հայ ժողովրդին անցյալում, մեզ բոլորիս համար դաս պետք է լինի, որ պետք է հարգել բոլոր ժողովուրդների ինքնությունը, մշակույթը և որ ամեն ինչ պետք է անել, որ այն, ինչ պատահել է, այլևս երբեք չկրկնվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 9-ի երեկոյան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում մատուցված ընթրիքի ժամանակ նման դիրքորոշում է հայտնել իտալացի խորհրդարանական, սենատոր Էնիլիա Գրացիա Դե Բիազին:

 

«Նախևառաջ, ես բարի գալուստ եմ մաղթում պարոն Նախագահին և շատ ուրախ ենք, որ նա որոշել է այցելել Իտալիա: Այս տարի մենք նշում ենք ֆաշիզմից Իտալիայի ազատագրման 70-ամյակը, և մեզ համար սա շատ կարևոր իրադարձություն է: Գիտեմ նաև, որ այս տարի հայ ժողովրդի համար էլ շատ կարևոր տարի է, որովհետև այս հրաշալի ժողովրդին, ում մենք շատ սիրում ենք և ում հետ շատ կապված ենք, պատահած ահավոր դեպքերի հիշատակի տարին է… Մեր ժողովուրդները կիսում են ժողովրդավարության և ազատության նույն արժեքները»,- նշել է նա:

 

Սենատորը գերազանց է գնահատել Իտալիայի և Հայաստանի միջև կապերը՝ այդ գործում կարևորելով Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի դերը: «Նրա ու Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կազմակերպել և նպաստել մեր երկու երկրների համագործակցությունը: Քաղաքականությունը դիվանագիտութունը և տնտեսական հարցերը շատ կարևոր են, բայց առավել կարևոր է մեր ժողովուրդների միջև առկա բարեկամակական կապը»,- հավելել է Բիազին:

 

Սենատոր Ալբերիտինա Սոլիանին իր հերթին նշել է, որ երբ 10 տարի առաջ ինքը նախաձեռնեց բարեկամության խմբի ձևավորումը, գիտեր, որ այդ քայլով ավելի կխորանան հայ-իտալական հարաբերությունները, ինչը կնպաստի նաև Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերություններին՝ որպես կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև: «10 տարի անց կարող եմ ասել, որ բարեկամական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև, նաև իտալահայ համայքնի ու քաղաքական և դիվանագիտական կապերի շնորհիվ, անկախ, թե ինչ իշխանություն է եղել երկրում, շատ լավ ու ամուր են եղել: Բազմիցս եղել են պատվիակությունների փոխադարձ այցելություններ, ես ինքս մի քանի անգամ այցելել եմ Հայաստան, և մենք հասկացանք, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ, նաև եվրոպական հարթությունում, գրեթե օրինակելի են»,- ասաց նա:

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, սենատորն ընդգծեց, որ հայ ժողովրդի հանդեպ կատարված ոճիրն աշխարհը դեռ պետք է ճանաչի: «Հենց այս ժողովուրդը, անկախ ամեն ինչից և իր կրած տառապանքից, պատրաստ է քաղաքական, տնտեսական և մշակութային, սոցիալական համագործակցության: Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությունն Իտալիայում ներկայացնում է ապագայի հանդեպ հույսը:

 

Ես առիթ էի ունեցել Նախագահի հետ հանդիպել Հայաստանում, երբ այցելեցի իտալացի խորհրդարականների հետ: Այդ այցը շատ տպավորված է իմ մեջ: Երբ նայում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչներին, նրանց թվում Հռոմում և Վատիկանում Հայաստանի դեսպաններին, մենք զգում ենք, որ նրանք ներկայացնում են Հայաստանի փառավոր պատմությունը և խաղաղ ապագայի հանդեպ հույսն ու ձգտումը»,- խոսքն ամփոփել է իտալացի խորհրդարանականը: