Թուրքիայում սոցիալական կայքերի հերթական արգելափակումը, Էրդողանի այցի նախօրեին թուրք-իրանական հարաբերություններում լարվածության առաջացումը, խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում հայ թեկնածուների առաջադրումը մի քանիսն են անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցածիրադարձություններից:
«Արմենպրես»-ը հետևել է թուրքական անցուդարձին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:
Շաբաթվա սկզբում հայտնի դարձավ, որ երկրի տարածքում Twitter և Facebook սոցիալական ցանցերի, ինչպես նաև YouTube տեսահոսթինգի հասանելիրությունն արգելափակված է: Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատում դատախազ Մեհմեդ Սելիմի պատանդառության լուսանկարների տարածումից հետո թուրքական դատարանը որոշում էր կայացրել արգելափակել սոցիալական ցանցերի հասանելիությունը, որպեսզի ահաբեկչական ակտերը պատկերող լուսանկարները չտարածվեն համացանցում: Թեպետ լրատվականներում լուրեր էին տարածվու մ նաև Google-ն արգելափակելու հավանականության մասին, այդուհանդերձ, դա տեղի չունեցավ, և շուտով վերոնշյալ կայքերի հասանելիությունը վերականգնվեց: Այդուհանդերձ, թուրքական դատարանի որոշումը հասցրեց լուրջ ահազանգ դառնալ երկրում խոսքի ազատության սահմանափակման տեսանկյունից, իսկ Թուրքիայի լրագրողների միությունը այն խստորեն քննադատող հայտարարություն տարածեց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 7-ին Իրան կատարած այցը հաջորդել էր թուրք-իրանական հարաբերությունների շիկացմանը: Իրանի մեջլիսի 65 պատգամավոր հատուկ նամակ էին ուղղել երկրի նախագահ Հասան Ռոուհանիին' պահանջելով խստորեն նախազգուշացնել Էրդողանին: Նրանք պահանջել էին, որ Էրդողանը պաշտոնապես ներողություն խնդրի իր նախկին հայտարարություններում Իրանի ժողովրդին վիրավորած լինելու համար:
Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ թուրքական կուսակցությունները հրապարակեցին իրենց ընտրացուցակները: Ամենաուշագրավն այն էր, որ հաղթելու ամենամեծ հավակնություններն ունեցող երեք կուսակցությունների շարքերում առաջադրվել էին հայ թեկնածուներ: Ընդ որում, երեքն էլ առաջադրվել են Ստամբուլից: Ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն պոլսահայ իրավաբան Սելինա Օզուզուն Դողանն է, ով ընտրվելու դեպքում կլինի երկար տարիներ հետո թուրքական մեջլիսում ընտրված առաջին կին պատգամավորը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն հայտնի պոսլահայ լրագրող, գրող Մարգար Եսայանն է, ով ժամանակին զբաղեցրել է նաև «Թարաֆ» պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը: Քրդամետ Ժողովուրդների հանրապետական կուսակցությունն առաջադրել է Կարապետ (Կարո) Պայլանին, ով Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում գտնվող հայկական դպրոցի ղեկավարն է և մեծ հեղինակություն է վայելում Պոլսի հայ համայնքում:
Ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունների թեկնածուներ Սելինա Դողանն ու Մարգար Եսայանն արդեն տվել են իրենց առաջին հարցազրույցներն ու մեկնաբանությունները: Եսայանը նշել է, որ հայ համայնքից թեկնածուների առաջադրումը ուրախալի փաստ է համարում: Իսկ Դողանի մեկնաբանությունն այն մասին, որ ապրիլի 24-ին լինելու է Թաքսիմ հրապարակում, որտեղ ոգեկոչելու են Ցեղասպանության զոհերի հիշատակը, խիստ անհանգստացրել է իր կուսակիցներին: Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության Բեյօղլու գավառի մարմնի նախագահի տեղակալ Բարըշ Թընայն անգամ պահանջել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակից հանել իրենց կուսակցության կողմից առաջադրված հայ թեկնածուի անունը:
Հայտնի է դարձել նաև, որ նախագահ Էրդողանը իր նախկին գլխավորած կուսակցության շարքերում ներառել է իր մերձավորներին: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցուցակը գլխավորում են նրա փեսան' Բերաթ Ալբայրաքը, անձնական խորհրդական Մուստաֆա Վարանքի ազգական Ֆաթմա Վարանքը, բանտարկության մեջ գտնվելու ժամանակ և դժվար օրերին իր կողքին եղած Այդըն Ունալը, իր փաստաբան Ալի Օզքայան, վարչապետության ժամանակաշրջանում իր մամուլի ծառայության պատասխանատու Ջամալեդդին Հաշիմիի հայրը' Հաշիմ Հեշիմին, ներքին գործերի նախարար Աֆգան Ալան, Էրդողանի գլխավոր խորհրդական Նաբի Ավջըն և այլք:
Թուրքական լրատվականները շաբաթվա վերջին տարածեցին տեղեկատվություն այն մասին, թե իբր արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենը, ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թիվ մեկ թշնամի է համարում, Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 1965 թվականին' Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանին հղած նամակում' անվանելով այն «Մեծ ցեղասպանություն»:
Թուրքիայում 6 կազմակերպությունների կողմից ստեղծված «Վերջ 100-ամյա ժխտմանը նախաձեռնությունը» հայտարարեց իր ծրագրի մասին, որով նախատեսում է ապրիլի 24-ին Ստամբուլի և Դիարբեքիրի հրապարակներում «Ճանաչիր, ներում հայցիր, կարգավորիր, փոխհատուցիր» պահանջով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիաներ անցկացնել:
Շաբաթվա վերջին օրերին թուրքական լրատվականներից չիջնող թեմա էր դարձել նաև Քարդաշյան ընտանիքի այցը Հայաստան: Բոլոր լրատվականներն անխտիր գրում էին, որ հոլիվուդյան ռեալիթի-շոուի աստղը Հայաստան է այցելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Շատերը նշում էին, որ Քարդաշյաններն իրենց այցով Ցեղասպանության քարոզչություն են իրականացնում:
Ամփոփեց Արաքս Կասյանը