Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարվող նախընտրական քարոզարշավը մոտենում է եզրագծին: Թուրքական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր պայքար են մղում մեջլիսում իրենց տեղն ունենալու համար, այս շաբաթ հնարավորություն ունեցան վերջին անգամ իրենց հանրահավաքների և ելույթների միջոցով ստանալ դեռևս չկողմնորոշված քաղաքացիների ձայները: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում թուրքական կուսակցությունների վերջին նախընտրական քաղաքական ակորդներին, ինչպես նաև Թուրքիայում հայկական հարցի շուրջ ծավալվող զարգացումներին:
Անցնող օրերին երկրի ներքաղաքական օրակարգում բազմիցս խոսվեց Բելգիայի «Հումանիստական ժողովրդավարական կենտրոն» կուսակցության թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրի մասին, ով հեռացվել էր կուսակցության շարքերից Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվելու համար: Թուրք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ այս մասին հանդես եկան տարատեսակ ելույթներով՝ կատարվածն անվանելով «խտրականության դրսևորում»: Ստամբուլում Բելգիայի հյուպատոսարանի դիմաց հատուկ բողոքի ակցիա կազմակերպվեց, որին մասնակցեց անգամ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Սումեյյե Էրդողանը: Անդրադառնալով այս միջադեպին և Բելգիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձևի պատրաստման վերաբերյալ լուրերին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնեց, որ իրենք սկսել են քննարկել պատժամիջոցներ կիրառելու հարցը: Ինքը՝ Մահինուրը, որոշեց բողոքարկել կուսակցության նման որոշումը՝ պահանջելով հետ կանչել իրեն կուսակցության շարքերը:
Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Արմեն ճամբար» անունով որբանոցի՝ հայկական համայնքին հետ վերադարձնելու համար մղվող պայքարն այս շաբաթ էլ չդադարեց: Ավելին՝ որբանոցի համար «Նոր Զարթոնք» կազմակերպության կողմից հրավիրված քննարկմանը Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը հայտնեց, որ հայտնի որբանոցը հայ համայնքին վերադարձնելու համար կդիմի Եվրոպայի խորհուրդ:
Անդրադառնալով երկրում նախընտրական պայքարի վերջին օրերի զարգացումներին, պետք է նշել, որ դրանք աչքի ընկան քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների և կողմնակիցների դեմ իրականացված տարատեսակ բռնություններով: Նախ, Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում անհայտ անձինք հարձակում գործեցին կուսակցության գրասենյակի վրա: Կուսակցության անդամ Բարըշ Սուլուն, ով նաև թուրքական մեջլիսի պատգամավոր դառնալու առաջին համասեռամոլ թեկնածուն է, համոզմունք հայտնեց, որ հարձակման սադրիչը եղել է Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրզրումում քրդական կուսակցության կողմից նախաձեռնած հանրահավաքից առաջ անհայտ անձինք հարձակվեցին կուսակցության ներկայացուցիչների վրա՝ հայտարարելով, որ թույլ չեն տալու քրդական կուսակցությանը հանրահավաք իրականացնել:
Բինգյոլի Սերփմեքայա գյուղից Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավին օգտագործվող մեքենայի վրա անհայտ անձինք զինված հարձակում գործեցին: Իրավապահ մարմինները դեպքի վայրից 50 մետր հեռավորության վրա գտնվող ժայռերում հայտնաբերեցին մեքենայի վարորդի անկենդան մարմինը:
Շաբաթվա վերջին նույն Էրզրումում կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի հանրահավաքին մասնակցելու նպատակով կուսակցականներին տեղափոխող միկրոավտոբուսի վրա անհայտ անձինք հարձակվեցին և փորձեցին ողջ-ողջ այրել վարորդին: Վերջինս ծանր վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:
Թուրքական Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 9 անդամ անցան քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը: Ի դեպ, այս կուսակցության օգտին քվեարկելու կոչ արեց անգամ բանտարկված պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը:
Թուրքիայի Նախագահ Էրդողանը Բինգյոլում տեղի ունեցած ելույթում ռասիստական հայտարարություններ հնչեցրեց հայերի, լրագրողների և համասեռամոլների հասցեին' մեղադրելով նրանց խորհրդարանական ընտրություններում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն աջակցելու մեջ: «Նրանց մեծագույն աջակիցը «Դողան» մեդիան է: Հայկական լոբբին, հոմոսեքսուալները և նրանք, ովքեր հավատում են «ալևիզմին առանց Ալիի», խռովության կողմանկիցներ են»,- հայտարարեց Էրդողանը:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած պատգամավորի անկախ թեկնածու Իբրահիմ Հալիլ Գյողուշը, ով անհետացել էր, հայտնաբերվեց շղթայված ձեռքերով և ծեծված:
Մերսին քաղաքում Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքի առնչությամբ հավաքված կանայք իրենց դժգոհությունը հայտնեցին՝ մեջքով դառնալով Նախագահին՝ ի նշան բողոքի՝ վերջինիս կողմից թուրք կանանց նկատմամբ Իգդիրում արած հայտարարության:
Թուրք ազգայնական, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը երկրում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարվող նախընտրական քարոզարշավում հայտնվեց ծիծաղելի իրավիճակում: Հայատյաց տրամադրություններով հատնի Փերինչեքը Յուքսեքօվա գավառում հանրահավաք կազմակերպեց, որին մասնակցեց գավառից ընդամենը մեկ մարդ' կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Նամըք Էրելին:
Անցնող շաբաթ Թուրքիա բերվեցին արտերկրում ավելի վաղ մեկնարկած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկները: Ընդ որում, այս տարի արտերկրի թուրք բնակչությունը շատ պասիվ մասնակցություն ցուցաբերեց ընտրություններին: Թուրքիայի՝ արտերկրում բնակվող և ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 867 հազար քաղաքացիներից ընտրություններին մասնակցեցին ընդամենը 1 միլիոնը: Այսպիսով, արտերկրում մայիսի 8-ից մեկնարկած և մինչև մայիսի 31-ը տևած քվեարկությանը մասնակցեցին ընտրողների ընդամենը 32,5 տոկոսը:
Ամփոփեց Արաքս Կասյանը