Թուրքիայի ներքաղաքական կյանքում քննարկումներն ու զարգացումները կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ հասել են եզրագծին: Արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում մեջլիսի խոսնակի ընտրությամբ պայմանավորված կառավարական կոալիցիայի պատկերը կսկսվի շատ ավելի հստակ ուրվագծվել: Մինչ այդ Թուրքիայի Ազգային մեծ ժողով անցած կուսակցություններն առաջադրել են մեջլիսի խոսնակի պաշտոնում իրենց թեկնածուներին: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

 

 

Անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայի մեջլիս անցած կուսակցությունների պատգամավորները երդման արարողությամբ պաշտոնապես ստանձնեցին իրենց նոր պաշտոնները: Արարողությունը տևեց 10 ժամ: Նիստը նախագահեց ընտրված խորհրդարանի ամենատարեց անդամ, քեմալական Հանրապետական ժողովրական կուսակցության (ՀԺԿ) նախկին ղեկավար, նույն կուսակցությունից Անթալիայից ընտրված պատգամավոր Դենիզ Բայկալը:

 

 

Երդմնակալության արարողութունից հետո խորհրդարան մտած կուսակցությունները հստակեցրեցին նախագահի իրենց թեկնածուի անունները: ՀԺԿ-ն խոսնակի պաշտոնի համար առաջադրեց Դենիզ Բայկալի, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) ' Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթի, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությունը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու առաջադրվեց Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իսմեթ Յըլմազը:

 

 

Այս շաբաթ ևս խոսակցությունները հնարավոր կոալիցիայի կազմման շուրջ չդադարեցին: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական հայտարարությունն արեց այս առնչությամբ: Նա հերթական անգամ հայտնեց, որ հավանական չի համարում իշխող ԱԶԿ-ի հետ ՀԺԿ-ի կոալիցիա կազմելու տարբերակը:

 

 

Հունիսի 23-ից Թուրքիայում մեկնարկեց հայ անվանի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կողմից իրականացվող «Լոյս ի լուսոյ» համերգաշարը: Առաջին համերը տեղի ունեցավ պատմական հայկական մայրաքաղաք Անիում, ապա Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու դիմաց, իսկ հետո Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում:

 

 

Համասյանի համերգաշարերից հետո Թուրքիայի ազգայնական «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը սադրիչ հայտարարություն արեց՝ մեղադրելով բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի ներսում աջակցել են և նպաստել հայ երաժշտի համերգի կայացմանը: Նա սպառնաց Կարսի փողոցներում դուրս գալ «հայերի որսի»:

 

 

Այս հայտարարությունից անմիջապես հետո համապատասխան արձագանք տվեց Կարսում քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Օզֆեր Քոչաքը, ով պահանջեց քրեական պատիժ սահմանել ռասիստական հայտարարության համար՝ համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի:

 

 

Այս շաբաթ Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու դիմում ներկայացրեց Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինին:

 

Ամփոփեց Արաքս Կասյանը