Գալիպոլիի տոնակատարությունների չեղարկման մասին լուրերը, Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների իրականացումը, ինչպես նաև երկրի ներսում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախապատրաստությունները մի քանիսն են այն կարևոր հարցերից, որոնք անցնող շաբաթվա ընթացքում օրակարգային էին Թուրքիայում: «Արմենպրես»-ը ողջ շաբաթվա ընթացքում հետևել է թուրքական ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին և ստորև ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

 

Աշխատանքային շաբաթվա մեկնարկից առաջ Թուրքիայում և Հայաստանում խոսվող ամենակենտրոնական թեման թուրքական «Զաման» պարբերականի հոդվածն էր այն մասին, որ պաշտոնական Անկարան չեղարկել է Գալիպոլիի միջոցառումների իրականացումն ապրիլի 24-ին: Անանուն աղբյուրը պնդել էր, որ պատճառը գերտերությունների կողմից հետաքրքրության բացակայությունն էր այդ միջոցառումների նկատմամբ:

 

Թուրքական պետական մարմինները, սակայն, շտապեցին անմիջապես հերքել տեղեկատվությունը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնեցին, որ Գալիպոլիի մարտերի 100-րդ տարվան նվիրված տոնակատարությունները Թուրքիայում չեղարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Սրանով էլ, փաստորեն, փակեցին այս տեղեկատվության մասին շրջանառվող լուրերը:

 

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սեփական ժողովդրին խաբելու թուրքական նախաձեռնություններին ավելացել է ևս մեկը: Պարզվեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծված www.armeniangenocide100.org կայքի հասանելիությունն անօրինական կերպով Թուրքիայի տարածքում գործող համացանցային մի շարք պրովայդերների կողմից արգելափակված է: Մասնավորապես, թուրքական TTnet համացանցային ծառայություններ մատուցող ընկերությունը, առանց որևէ իրավական նախազգուշացման և դատարանի կողմից ընդունված որոշման, իր օգտատերերի համար անհասանելի է դարձրել Ցեղասպանության հարյուրամյակի առնչությամբ բացված կայքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքական իրավապաշտպան «ԴուրԴե» կազմակերպության խոսնակ Լևենթ Շենսևերը լուրջ իրավախախտում համարեց կատարվածը և կոչ արեց Թուրքիային անհապաղ դադարեցնել գրաքննությունը:

 

Ցեղասպանության տարելիցին ընդառաջ թուրքական ժխտողական հերթական քայլը դարձավ ազգայնականների կողմից տարբեր քաղաքներում հայերին առնչվող սադրիչ պաստառների տարածումը: Ազգամիջյան թշնամանք սերմանող պաստառների վրա կար հետևյալ գրությունը. «Շնորհավոր մեր հայրենիքը հայերից մաքրելու 100-րդ տարին: Հպարտ ենք մեր փառապանծ նախնիներով»:

 

Անցնող շաբաթ Թուրքիայում ձերբակալվեց Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ հերթական թուրք պաշտոնյան: Անկարայում ձերբակալումից հետո բուժզննում անցավ և Ստամբուլ տեղափոխվեց Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի անվտանգության նահանգային վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռամազան Աքյուրեքը:

 

Հունիսին Թուրքիայում նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնեց Մարդինում բնակվող հայ 58-ամյա Զեքերիա Սաբունջին: Նա դիմում ներկայացրեց քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը' անդամագրվելու և ամռանը կայանալիք խորհրարանական ընտրություններին մասնակցելու նպատակով:

 

Թուրքիյայի զինուժի կողմից Սիրիայի տարածքում գտնվող Սուլեյման շահի դամբարանում իրականացված ռազմական գործողությունը շաբաթվա սկզբին Թուրքիայում ամենաշատը քննարկվող հարցերից մեկն էր: Այդ գործողությունն իրականացնելու համար թուրքական բանակն օգտագործել էր 700 զինվորականի, մոտ 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում' 39 տանկ: Թուրքական կողմը տարհանել էր Եփրատ գետի կղզիներից մեկում գտնվող Օսմանների դինաստիայի նախնիներից շահ Սուլեյմանի դամբարանը և այն պահպանող թուրքական զորախումբը: Սիրիայում, սակայն, Թուրքիայի նման քայլը համարել էին երկրի ինքնիշխանության ոտնահարում: Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պաշտպանել սեփական հողը և ամենապատշաճ կերպով պատասխանել Թուրքիային:

 

Ավելի ուշ Սուլեյման շահի դամբարանի տարածքի տերը հայտարարել էր, որ եթե Թուրքիան չփոխհատուցի իրականացրած գործողության հետևանքով իրեն հասցված վնասը, ապա ինքը կդիմի միջազգային դատարան:

 

Անցնող շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այց կատարեց «եղբայրական» Ադրբեջան: Իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո նա զերծ չմնաց հակահայկական հայտարարություններ անելուց: Մասնավորապես, նա կրկին Հայաստանի հետ խոսեց նախապայմանների լեզվով՝ առաջ քաշելով ղարաբաղյան հակամարտությունն ի օգուտ Ադրբեջանի հանգուցալուծելու մասին թուրքական տեսակետը:

 

Շաբաթվա ընթացքում Մալաթիայում կործանվեց երկու ռազմական ինքնաթիռ, վթարին զոհ գնաց 4 մարդ: Թե որն էր ռազմական ինքնաթիռների կործանման պատճառը, դեռևս հայտնի չէ, թեպետ ամենասկզբից էլ պատկան մարմինները հերքեցին արտաքին միջամտության հնարավորությունը:

 

Օտարերկրյա ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում անցնող շաբաթ մոդել, «Միսս Թուրքիա -2006» տիտղոսը կրող Մերվե Բույուքսարաչն էր, ում սպառնում է երկու տարվա ազատազրկում սոցիալական զանցերից մեկում գրառում կատարելու համար: Ստամբուլի դատախազությունը պահանջում է դատապարտել մոդելին այն բանի համար, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորել է հանրային գործչի՝ նախագահ Էրդողանին:

 

Էրդողանական գրաքննության զոհն այս շաբաթ նաև հայտնի «Ջումհուրիեթ» պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն էր, ով կանչվել էր հարցաքննության, ապա արդեն ձերբակալվել էր: Նա մեղադրվում է իր հրապարակումներից մեկում Էրդողանին վիրավորելու՝ «գող» անվանելու մեջ:

 

Շաբաթվա վերջին Ստամբուլում կանխվեց ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի մոտ նախատեսված ահաբեկչությունը: Թուրք իրավապահ մարմինները կարողացան չեզոքացնել պայթուցիկներով կասկածելի տղամարդու, ով գտնվում էր հյուպատոսարանի շենքի մոտակայքում:

 

 

Ամփոփեց Արաքս Կասյանը