Ստամբուլում և Դիարբեքիրում (պատմական Տիգրանակերտ) ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցակցվեն, որոնք նախաձեռնել են թուրքական կազմակերպությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով, հատկապես ուշագրավ է Ստամբուլում կայանալիք միջոցառումներից մեկի կարգախոսըˋ «Ճանաչի´ր, ներողություն խնդրի´ր, փոխհատուցի´ր և վերացրո´ւ հետևանքները»:
«Առաջին անգամն է, որ թուրքական կազմակերպությունը փոխհատուցման և ցեղասպանության հետևանքների վերացման պահանջ է ներկայացնում»,- ասաց Չաքրյանը՝ հավելելով, որ թեև կայանալիք միջոցառումները լուրջ են, սակայն հազիվ թե ազդեցություն ունենան Թուրքիայի ժխտողական քաղաքականության վրա:
Ստամբուլում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կայնալիք միջոցառումներից մեկի կազմակերպիչն է «100-րդ տարելիցին վերջ ժխտողականությանը» նախաձեռնությունը, որին մասնակցում են Ստամբուլի Մարդու իրավունքների միության «Ընդդեմ ռասիզմի» հանձնաժողովը, Ասորիների պլատֆորմը, «Նոր զարթոնք» պալսահայ կազմակերպությունը, «Զանգ» հիմնադրամը, «Առերեսման» պլատֆորմը: Այն սկսվելու է Սուլթան Ահմեդի հրապարակում գտնվող Թուրքական և իսլամական մշակույթի թանգարանի շենքի մոտից, որտեղ 1915 թվականին բանտարկել են ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներին: Միջոցառման մասնակիցները պետք է ուղևորվեն նավահանգիստ մինչև Հայդար Փաշայի կայարանˋ անցնելով Մեծ եղեռնի զոհ դարձած հայ մտավորականների աքսորի ուղով:
Նույն օրը նույն կազմակերպությունների նախաձեռնությամբ նմանատիպ միջոցառում կկազմակերպվի նաև Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցու ավերակների մոտ:
Երկրորդ միջոցառումը, որը կրկին տեղի է ունենալու Ստամբուլում, կազմակերպել է «Հայոց ցեղասպանության հիշատակման պլատֆորմը», որը գլխավորում է Թուրքիայում Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը: Այս նախաձեռնության մասնակցիները կուղևորվեն Թաքսիմ հրապարակ: Արարողությանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի և Եվրոպայի հայերի խորհրդի ներկայացուցիչներին: