Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, այլ նաև մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Ապրիլի 24-ին Շիշլիի հայկական գերեզմանատանը Թուրքիայի ժամանակով 15:30-ին կոգեկոչվի թուրքական բանակում էթնիկ խտրականության և ատելության հողի վրա սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի հիշատակը:
Ավելի ուշ' 19:15-ին Ստամբուլի կենտրոնական' Իսթիքլալ պողոտայում կկայանա ոգեկոչման գլխավոր արարողությունը:
Նախորդ տարվա նման այս տարի ևս Ստամբուլի Մարիամ Աստվածածին եկեղեցում պատարագ կմատուցվի, սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյոք պատարագին պետական մակարդակով մասնակցություն կլինի, թե ոչ (Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված պատարագին ներկա էր Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարարը):
Մայրաքաղաք Անկարայում ապրիլի 23-ին «Հայոց ցեղասպանությունը երկրորդ հարյուրամյակի շեմին» խորագրով քննարկում կկազմակերպվի, իսկ ապրիլի 24-ին տեղի ժամանակով 15:00-ին կանցկացվի հիշատակի երթ, որի ժամանակ կկարդացվեն ձերբակալված և սպանված հայ մտավորականների անունները:
Իզմիրում Թալեաթ փաշայի անվան բուլվարում ապրիլի 24-ին տեղի ժամանակով 19:00-ին հավաքված իզմիրցիները կպահանջեն Հայոց ցեղասպանության 101-րդ տարում ճանաչել կատարվածն ու ներողություն խնդրել: