Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Մարտունու տարածքում, արդեն սկսվել եւ ընթանում են միջպետական ու հանրապետական ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների ամառային սպասարկման համար կառավարությունը հատկացրել է 407, 8 միլիոն դրամ, որից 355 միլիոն դրամը՝ 357 կիլոմետր երկարություն ունեցող միջպետական ու հանրապետ ական նշանակության, 52,8 միլիոն դրամը՝ 73,9 կիլոմետր երկարության մարզային նշանակության ճանապարհների փոսային նորոգումների եւ ամառային սպասարկման այլ աշխատանքների իրականացման համար:

 

Փոսային նորոգումները Մարտունու տարածքում ընդհատվել են տեղացած ձյան պատճառով, իսկ մյուս տարածքներում կսկսվեն եղանակների տաքանալուն պես: Փոսային նորոգումների ավարտը նախատեսված է այս տարվա մայիսի վերջերին:

 

«Մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհները ձմռան ընթացքում մասնակիորեն վնասվել կամ քանդվել են՝ դժվարություն ստեղծելով երթեւեկության համար: Եթե եղանակը հնարավորություն տա, փոսային նորոգման աշխատանքները ճանապարհաշինարարները կսկսեն անմիջապես: Աշխատանքները գտնվում են Գեղարքունիքի մարզպետի, ինչպես նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատասխանատուների ուշադրության եւ անմիջական վերահսկողության ներքո»,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:

 

Խոսրով Խլղաթյան