Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում կբարձրացվի առողջապահական համակարգի պատրաստվածությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ապրիլի 14-ին Երևանի բժշկական կենտրոնների տնօրենների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Արմավիրի մար զի առողջապահության ոլորտի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում այս հարցը կարևորել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա հորդորել է ներկաներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բնակչության և հյուրերի բժշկական օգնությունը բարձր մակարդակով ու արագ կազմակերպել։

 

 

Հանդիպմանը հստակեցվեցվել են ապրիլի 23-24-ը Երևանում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսվող բազմամարդ միջոցառումների ընթացքում շտապ բժշկական օգնության մեքենաների հերթապահությունները և տեղակայումը, կազմակերպչական այլ հարցեր։

 

 

Նախարարը հորդորել է բարձրացնել հիվանդանոցների' ընդունարանների, վիրահատարանների, վերակենդանացման բաժանմունքների պատրաստվածությունը, ապահովել լաբորատոր-գործիքային ծառայությունների շուրջօրյա աշխատանքը, կազմակերպել նեղ մասնագետների, ազատ մահճակալների, անհրաժեշտ դեղերի, պարագաների առկայությունը պատշաճ բժշկական օգնություն ապահովելու համար։

 

 

Ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկականերում կապահովվեն ընդհանուր պրակտիկայի բժշկի, վիրաբույժի, ռետնգենաբանի և լաբորատոր ծառայության բժշկի հերթապահություններ: Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված միջոցառումների ընթացքում շտապ բժշկական օգնության, պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունների հերթապահություններում կընդգրկվեն նաև Արմավիրի մարզի բժշկական կազմակերպությունները։

 

 

Նախարարի հրամանով այդ օրերին հերթապահություններ կսահմանվեն նաև պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, Երևանում գործող հիվանդանոցներում։

 

 

Այդ օրերին հերթապահություններ կսահմանվեն նաև նախարարությունում, որտեղից կհամակարգվեն բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները, բազմամարդ յուրաքանչյուր միջոցառումներից հետո կամփոփվեն իրականացված աշխատանքները։ Կուժեղացվի թեժ գծի ծառայությունը։ Գործող (+374 10) 52-88-72 հեռախոսահամարին կավելանան ևս երկուսը' (+374 10) 56-23-63 և (+374 10) 56-27-83։ Անհրաժեշտության դեպքում զանգերին կպատասխանեն նաև անգլերեն և ռուսերեն։

 

 

Ապրիլի 23-ից 25-ը, հատկապես բազմամարդ միջոցառումների ժամանակ, բժշկական օգնությունը և սպասարկումը կկարգավորվեն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բնակչության և Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց առաջնային, շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ կազմակերպելու նպատակով շտապ բժշկական օգնության, պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունների հերթապահություններ սահմանելու մասին» հրամանով։