Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի Ասիայի, Օվկիանիայի և ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարծիքներ են փոխանակվել տնտեսական հարաբերությունների ներկա վիճակի և առաջիկա ծրագրերի մասին:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների տնտեսության մասնավոր հատվածների համագործակցության ակտիվացմանը: Քննարկվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող զարգացումները: Նախարարի տեղակալ Ռահիմփուրը կարծիք է հայտնել, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումը կնպաստի համատեղ տնտեսական ծրագրերի կատարմանը: