ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը. դրանք թույլ են տալիս ուրվագծել ինտեգրման զարգացման հեռանկարները, ինչպես նաև քննարկել այն հրատապ հարցերը, որոնց մասնակից երկրներն առնչվում են գրեթե ամեն օր: Նա կարևորել է նաև առկա մարտահրավերների համար համատեղ լուծումներ փնտրելու և գտնելու հնարավորությունը:

 

Խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն մեծ հնարավորություններ է ընձեռում առևտրատնտեսական ոլորտում միջպետական համագործակցության խորացման համար: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, դարձավ մոտ 170 միլիոնանոց շուկայի մի մասը: Այս փաստը ներդրումների համար մեր երկրները դարձնում է գրավիչ:

 

Գալուստ Սահակյանն իր ելույթում նշել է նաև, որ ԵՏՄ կարևորագույն ձեռքբերումներից է մաքսային արգելքների վերացումը, ինչը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս նվազեցնելու ֆինանսական ծախսերը և առևտրային գործառույթների ժամկետները: Նա նշել է, որ պետք է ջանալ, որպեսզի եվրասիական ընդհանուր շուկան գործի ունիվերսալ, թափանցիկ և հասկանալի օրենսդրությամբ:

 

Գալուստ Սահակյանի խոսքով, առաջիկա տարիներին այս ուղղությամբ անելիքները շատ են և այդ ընթացքում պետք է առաջնորդվել ԵՏՄ պայմանագրով:

 

«Մեր կարծիքով, շատ կարևոր է ապահովել ինտեգրացիոն միության թափանցիկությունը: Անկասկած, եվրասիական ինտեգրման գործընթացի հաջող և արդյունավետ զարգացման հիմնական պայմաններից մեկը համապատասխան իրավական դաշտի ստեղծումն է: Այս համատեքստում մեր երկրների խորհրդարանների հիմնական խնդիրը, կարծում եմ, տնտեսական համագործակցության գործընթացներին չմիջամտելն է: Մենք կարող ենք իրավական դաշտում վերացնել հնարավոր բացթողումները, ինչպես նաև բարելավել օրենսդրությունը՝ այն համահունչ դարձնելով միջազգային լավագույն փորձին: Դրա նպատակն է մեր երկ րների կառավարությունների կողմից Եվրասիական տնտեսական միության գաղափարների իրականացումը»,- նշել է Գալուստ Սահակյանը:

 

Խորհրդարանի ղեկավարը, եզրափակելով իր ելույթը, հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: