Հայաստանը կիսում է միջազգային հանրության ակնկալիքները կիպրական հիմնախնդրի տևական, արդար և փոխադարձ ընդունելի կարգավորման վերաբերյալ։ Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը' պատասխանելով Times.am լրատվական կայքի հարցին:

 

-Փետրվարի 11-ին Նիկոսիայում պայմանավորվածություն է ձեռք բերվել կիպրական հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Ինչպե՞ս կգնահատեք այն։

 

-Մենք ողջունում ենք փետրվարի 11-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահի և Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ՄԱԿ-ի հովանու ներքո կիպրական խնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման մասին և կիսում ենք միջազգային հանրության ակնկալիքները հիմնախնդրի տևական, արդար և փոխադարձ ընդունելի կարգավորման վերաբերյալ։