Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի 13-րդ համաժողովի ընթացքում ՀՖՖ գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվեց իր պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՖՖ 13-րդ համաժողովի ընթացքում վերընտրվեցին նաև գործկոմի անդամները: Մինչ կսկսվեր համաժողովը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նախօրեին կյանքից հեռացած հայկական ֆուտբոլի լեգենդ Հարություն Քեհեյանի հիշատակը: ՀՖՖ նախագահը, ամփոփելով նախորդ տարվա գործունեության արդյունքները, փաստեց, որ ֆուտբոլի ֆեդերացիայի բյուջեն աճել է 10 անգամ: Հայրապետյանի խոսքով՝ ֆեդերացիայի հիմնական խնդիրը եղել և մնում է մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչների բացակայությունը:
«Այս տարի կկիրառենք այն մեթոդը, ըստ որի մարզիչներին կզրկենք որակավորումից, ովքեր չեն ձգտի կատարելագործվել: Այն, ինչ նրանք անում են, սխալ է, չեն ուղղում երեխաների սխալները»,- ասաց Հայրապետյանը: Նա փաստեց, որ հավաքականի գլխավոր մարզչի հարցում ինքն էլ է սխալվել: «Հավաքականում արված աշխատանքները գնահատում եմ անբավարար»,- շեշտեց նա: Հայրապետյանի կարծիքով՝ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի վիճակը ծանր է, բայց աշխատանքներ տարվում են: Հոկտեմբերին կշահագործվի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան, իսկ արդեն հաջորդ ակադեմիան կլինի Արմավիրի մարզում: Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնել է 2002 թվականից: