«Այսօր առավոտյան ես արթնացա շատ մենակ եւ «որբացած», երեկ գիշեր ծնողներիս՝ հորս ու մորս, ճանապարհեցի ԱՄՆ, ուր գտնվում են բոլոր հարազատներս՝ քույրս՝ իր ընտանիքով, մորաքույրս եւ մյուսները, այնքան դատարկություն կա հոգումս, այնքան մենակ եմ զգում…»,- galatv.am-ին պատմում է Գյումրիի բնակիչ Արմեն Պետրոսյանը: Հորն ու մորը ճանապարհելուց հետո մնացել է կնոջ եւ մանկապարտեզ հաճախող երկու փոքրիկների հետ: Ասում է՝ ծնողներից բաժանվելը դժվար է եղել: «Տարիներ շարունակ նպատակ էր դրված, որ գնայինք ստեղից, որովհետեւ վիճակը չի փոխվում, դրությունը գնալով ավելի վատանում է: Մենք շուկայում գործող խանութ ունեինք՝ մեր ձեռքով պատրաստած բաստուրման էինք վաճառում եւ այլ մթերքներ, բայց հարկային դաշտի անբարենպաստ պայմաններում սնանկացանք, մեր տանը կից փոքրիկ մի տնակում միրգ էինք վերավաճառում, բայց փոքրիկ այդ ճանապարհն էլ փակեցին, ու ծնողներս զզված հեռացան: Քույրս վաղուց էր այնտեղ, ԱՄՆ քաղաքացի դարձավ ու պահանջեց ԱՄՆ կառավարությունից իր ծնողներին, հիմա մերոնք գնում են, որ ինձ էլ կանչեն իմ ընտանիքի հետ»: Այնուամենայնիվ, ըստ Արմեն Պետրոսյանի, որքան էլ դժվար է ապրել Հայաստանում, ծնողները վերջին պահին մեկնել չէին ուզում: «Մի պահ էր մնում, որ հայրս ասեր՝ չեմ գնում եւ վերջ: Իրիկունը այնքան էր խմել, որ չհասկանա, որ թեթեւ տանի բաժանումը, բայց չօգնեց…Արդեն քանի օր մեր տանը բոլորը լացում են՝ աղջիկներս, կինս, ես, մինչեւ մեկնելը՝ մայրս եւ հայրս…Հայրս շատ կապված էր փոքրիկներիս հետ: Երեկ իրիկուն իր ձեռքով հանեց նրանց շորերը պառկեցրեց անկողնում, երեխեքը քնել էին, իսկ ինքը երկար ժամանակ նստել-մնացել էր, հետեւում էր, կարոտն էր առնում…Գիտեք, հայրս նաեւ հիվանդ է, նա գնաց, ու չգիտեմ' ես էլ երբ կկարողանամ տեսնել նրան…»,- ասում է Արմեն Պետրոսյանն է ու աչքերը ողողվում են արցունքով:
«Այսօր առավոտյան ես արթնացա մեծացած, նաեւ՝ խեղճացած, արթնացա բոլորովին այլ տան մեջ, այլ մթնոլորտում: Մորս աղմուկը չկար: Նա միշտ բոլորից շուտ էր արթնանում, ու մի տեսակ բարի աղմուկ էր մեր տան մեջ՝ արթնացնում էր բոլորիս, մեր նախաճաշը հրամցնում: Այսօր առավոտյան տեսա, որ նրա թեյնիկը չի եռում, մի տեսակ անտերություն կար: Հայրս խոհանոցում իր անկյունն ուներ, որտեղ երեխաները նրան էին փնտրում: Լուռ էր նաեւ հեռախոսը, հետո վերջապես լուր առանք, նրանք խոսել չկարողացան, միայն ասացին, որ հասել են ու հարազատներով հավաքվել, իսկ ես մենակ եմ ստեղ»:
Արմեն Պետրոսյանը պատմում է, որ Գյումրիում, առհասարակ Հայաստանում, ինքը հարազատներ չունի, բոլորը արտերկրում են: «Մտածում եմ՝ ի՞նչ կարելի է անել, որ էլ հինգ տարի չսպասեմ, կամ «գրին քարտով», կամ' չգիտեմ ինչով, գնամ հասնեմ իմ երամին: Ստեղ մեզանից մնացել են միայն կնոջս ծնողները, հորս ընկերներն ու հարազատները ու մեկ էլ մերոնցից մնացած բարի հիշողությունները»:
Քրիստինա Մկրտչյան