ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում ապրիլի 20-ին մասնակցել է Եվրոպական միության եւ Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա են եղել ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հարեւանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Յոհանես Հանը:
Ելույթ ունենալով հանդիպմանը' Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է. «Ինչպես նախատեսված էր վիլնյուսյան գագաժողովում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրում, մենք աշխատել ենք մեր հարաբերությունների նոր իրավական հիմքի ստեղծման ուղղությամբ ։ Մարտի 16-ին Հայաստանի և ԵՄ բանակցային թիմերը ավարտեցին ապագա իրավական հիմքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, և ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները կհաստատեն եվրոպական բանակցային թիմի մանդատը, և մենք կսկսենք բանակցությունները»։
Խոսելով Հայաստան-Եվրոպական միություն քաղաքական երկխոսության մասին' նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին ամսվա ընթացքում այն բավականին հագեցած էր. «Մարտի կեսին հանձնակատար Հանը այցելեց Երևան և հանդիպումներ ունեցավ Նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ։ Երկուստեք վերահասատեցինք համապարփակ գործընկերություն ունենալու մեր ցանկությունը։ Այդ նույն օրերին Երևանում ընթանում էր Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի չորրորդ 4-րդ լիագումար նիստը, որին հաջորդեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ հանդիպումը»։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ շարժունակության գործընկերությունը գործում է 2011թ.-ից, և դրա շրջանակներում մի շարք ծրագրեր են իրականացվում։ 2014թ. հունվարից ուժի մեջ են մտել ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը։ Ապրիլի 29-ին Բրյուսելում տեղի կունենան Հայաստան-ԵՄ՝ արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հերթական հանդիպումները, և «մենք հուսով ենք, որ դրանց արդյունքում կկարողանանք մեկնարկել ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»։
Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանն Էդվարդ Նալբանդանը անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Այս տարի նշվում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մենք երախտապարտ ենք, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 15-ին Եվրոպական խո րհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև ընդունեց»։
«Սա եվրոպական քաղաքական դաշտի բոլոր քաղաքական խմբերի կողմից ներկայացված և ընդունված շրջադարձային բանաձև է։ Հարգանքի տուրք մատուցելով 1,5 մլն անմեղ հայ զոհերի հիշատակին՝ ԵՄ ամենաներկայացուցչական մարմինը կոչ արեց Հանձնաժողովին և Խորհրդին՝ եվրոպական համերաշխության և արդարադատության ոգով միանալու ոգեկոչմանը։
Այն կարևոր ուղերձ է պարունակում Թուրքիային՝ առերեսվելու իր անցյալի հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և, այսպիսով, ճանապարհ հարթելու թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար», - ընդգծել է նախարար Նալբանդյանը։
Ելույթում ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. «Հայաստանը համոզված է, որ Եվրոպական տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն առաջնային կարևորություն ունի կայունության, խաղաղության և զարգացման համար։ Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Մենք գնահատում ենք, որ Եվրոպական միությունը և նրա անունից Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը տարբեր առիթներով իրենց միանշանակ աջակցությունն են արտահայտել Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»։
Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարևորել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը՝ ընդգծելով. «Հայաստանը գտնում է, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերը՝ առավել հեռանկարային տեսլականի միջոցով, որը կարող է կառուցվել հնարավորությունների և ոչ թե անհամատեղելիության վրա՝ դրանով իսկ թույլ չտալով նոր բաժանարար գծերի ստեղծումը»։