ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 14-ին մասնակցել է Քաղաքական և գործընկերության կոմիտե+Հայաստան ձևաչափով հանդիպմանը, որը նախագահել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխտեղակալ Ջոնաթան Փերիշը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակ այնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Դաշինքի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները, քննարկվել և համաձայնեցվել են Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում Հայաստանի 2014թ. Գործընկերության նպատակները: Բարձր է գնահատվել Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, պաշտպանական կրթության, կառավարման, թափանցիկության ընդլայնման, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, ժողովրդավարական վերահսկողության և այլ բնագավառներում արձանագրված առաջընթացը, կարևորվել է պաշտպանական բարեփոխումների բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակականության ապահովումը:
Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Ստամատոպուլոսի հետ: Փոխանակվել են կարծիքներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության շուրջ: