«Բավարիայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Դորտմունդի «Բորուսիայից» պարտվելուց հետո կիսվել է իր սաների խաղի մասին տեսակետով: Նա նշել է, որ «Բորուսիային» հաջողվել է «Բավարիայի» համար խնդիրներ ստեղծել այն բանից հետո, երբ խաղադաշտ է դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը:

 

«Ես հպարտ եմ իմ թիմով այնպես, ինչպես երբեք: Եթե թիմը խաղում է այնպես, ինչպես խաղաց, ապա նրանց քննադատել ես չեմ կարող: Մենք արեցինք այն, ինչ կարողացանք: Ես շատ գոհ եմ: Մենք շատ լավ էինք խաղում, միայն 15 րոպեի ընթացքում ունեցանք խնդիրներ, երբ դաշտ դուրս եկավ Մխիթարյանը: Սա «Բորուսիայի» դեմ մեր լավագույն խաղն էր այն ընթացքում, ինչ ես այստեղ եմ:

 

11 մետրանոցների իրացման ժամանակ մենք փոքր-ինչ հոգնած տեսք ունեինք: Ես շնորհավորում եմ «Բորուսիային» և հաջողություն մաղթում եզրափակչում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը: