ՌԴ Պրիմորյեի երկրամասի խորհրդարանի պատգամավոր Արտուշ Խաչատրյանի նկատմամբ, ով մայիսմեկյան շքերթի ժամանակ մեքենայով փորձել է ճեղքել ոստիկանների պատնեշը, քրեական գործ է հարուցվել կառավարության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Այս մասին հայտնում է ntv.ru-ն:

 

Եթե պատգամավորին մեղավոր ճանաչեն՝ նրան կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում:

 

Մայիս 1-ին Պրիմորյեի Օրենսդիր ժողովի պատգամավոր Արտուշ Խաչատրյանն իր ամենագնացով փորձել է ճեղքել ոստիկանական պատնեշը և դուրս գալ ճանապարհի վրա, որտեղ այդ ժամանակ անցնելիս է եղել ցուցարարների տոնական շարասյունը: Խաչատրյանը վրաերթի է ենթարկել տեսուչի ոտքը և վնասել այն:

 

Պատգամավորի ձերբակալման հարցն առայժմ չի բարձրացվի, քանի որ նա գտնվում է հիվանդանոցում: Միջադեպից հետո պարզվել է, որ Խաչատրյանը ծանր հիվանդ է: Հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի նրա բուժման համար: Խաչատրյանը ափսոսում է պատահածի համար:

 

Արտուշ Խաչատրյանը դարձել է պատգամավոր 2011 թ. դեկտեմբերին: Նա «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ է, սակայն շարունակում է մնալ անկուսակցական: Աշխատում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության և սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովում: Բացի այդ, Խաչատրյանը մեդիահոլդինգի գործադիր տնօրեն է, որը բաղկացած է մի քանի ռադիոկայաններից, շաբաթաթերթից և հեռուստաալիքից: