ՀՀ Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նստաշրջանը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատեց օրենքների մի շարք նախագծեր, որոնք քննարկվել էին նախորդ օրը:

 

ՀՀ կառավարության կողմից «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթում ներառված «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց 95 կողմ, 6 դեմ և 14 ձեռնպահ ձայներով:

 

Մինչ դա, ՀՀԿ-ական պատգամավոր, հարակից զեկուցող Վարդան Այվազյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունն ընդունել է Արծվիկ Մինասյանի, Միքայել Մելքումյանի կողմից արված առաջարկությունները և երկրորդ ընթերցման ժամանակ շտկումներ կլինեն:

 

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն: