ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 10-ի հերթական նիստում ամփոփվել են 2015թ. մայիսի 3-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների վերջնական արդյունքները ու կայացվել որոշումներ 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ և 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով պատգամավորներ ընտրվելու մասին:

 

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ-ի համամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակից' 11 պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակից' 1 պատգամավոր, Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակից' 4 պատգամավոր, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից' 4 պատգամավոր, «Շարժում-88» կուսակցության ընտրական ցուցակից' 2 պատգամավոր:

 

ԼՂՀ ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթների հաշվառմամբ, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 18-ին կհրապարակի համամասնական ընտրակարգով ընտրված ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների անվանական ցուցակը:

 

«Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն'Սահմանադրության 82-րդ հոդվածին համապատասխան' նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ հինգշաբթի օրը' ժամը 11-ին, որի մասին հայտարարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: