Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակչությանը։

«Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Մարտունու Կարմիր շուկա համայնքը' այնտեղ կիրառելով «Սմերչ» կասետային ռումբ։ Արդյունքում ևս մեկ մարդ է զոհվել։ Կա նաև մեկ վիրավոր:

Այսպիսով, խաղաղ բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը դարձել է 34, կա 2 գերի», - թվիթերի իր էջում գրել է Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։
Անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին գրոհ էին ձեռնարկել: Ռազմական գործողությունները շարունակվում են: