Պակիստանի հետախուզության ներկայացուցիչը «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրի մասին Կենտրոնական հետախուզական վարչությանը հայտնել է այն բանից մեկ տարի առաջ, երբ նա ոչնչացվեց ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետախուզական աղբյուրներ:

 

Անունները չնշված աղբյուրները նաև հաստատել են այն փաստը, որ «Պակիստանի կառավարությունը միշտ էլ իմացել է՝ որտեղ է թաքնվում Բեն Լադենը: Նրանք գիտեին»,- աղբյուրի խոսքը մեջբերել է հեռուստաալիքը:

 

Հեռուստաալիքը նաև հիշատակում է լրագրող Սեյմուր Հերշի վերջերս հայտնված հրապարակումը, որում նա պնդում է, որ Պակիստանի իշխանությունները գիտեին՝ որտեղ է գտնվում Բեն Լադենը, և որ ԱՄՆ-ն Պակիստանի իշխանություններին հաղորդել է պլանավորվող գրոհի մասին:

 

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Ալ Քաիդա»-ի պարագլուխն ամերիկացի հատուկ ջոկատայինների կողմից ոչնչացվել է 2011 թվականի լույս մայիսի 2-ի գիշերը Պակիստանի հյուսիսի Աբոտաբադ քաղաքի մերձակա տանը: