Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը մայիսի 15-ին կնքել են համագործակցության հուշագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստաթղթի նպատակն է ապահովել և օժանդակել համագործակցությունը՝ նախարարությունում գործող անհատական տվյալների տեղեկատվական բազաներից հանձնաժողովին տվյալներ տրամադրելուն առչնվող հարաբերություններում:

 

 

Հուշագրի շրջանակում Արդարադատության նախարարությունը հանձնաժողովին կտրամադրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և իրավաբանական անձանց գրանցման պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյաններից տվյալներ:

 

 

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորել է նախաձեռնությունը և հաջողություն մաղթել համագործակցության այս մեկնարկին: Նախարարի խոսքով՝ բոլոր պետական մարմինների պարտավորությունն է իրենց լիազորություններն իրականացնելիս նպաստել այս Հանձնաժողովի գործունեության արդյունավետությանը: «Դա շատ կարևոր է նաև մեր երկրի հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում, որովհետև Հանձնաժողովի ունեցած գործառույթներն առնչվում են կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին»,- նշել է Հովհաննես Մանուկյանը և ընդգծել, որ այս հուշագրի շրջանակում Հանձնաժողովը հասանելիություն կունենա երկու արժեքավոր տեղեկատվական բազաների տվյալներին, որոնք զգալի նշանակություն կունենան Հանձնաժողովի արդյունավետ գործունեության համար:

 

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը հուշագրի ստորագրումը համարել է նշանակալի իրադարձություն և նշել, որ սրանով պետական մարմինների համագործակցությունը մտնում է որակական նոր փուլ: «Հանձնաժողովի համար այս փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի, քանի որ այն արդեն ներդրված համակարգի գործառույթային կողմն է ապահովելու: Պետռեգիստրի տվյալներին հասանելիություն ունենալը կնպաստի վերլուծությունների իրականացմանն ու ռիսկային հայտարարագրերի դուրսբերմանը, որը հետագա աշխատանքների կազմակերպման համար կարևոր և անհրաժեշտ նախադրյալ է»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

 

 

Հուշագրի համաձայն՝ Հանձնաժողովն ապահովելու է Նախարարության կողմից փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը և ստացված տվյալները կօգտագործի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Հանձնաժողովի նպատակներին համապատասխան: