Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով' մարտի 6-7-ը, Վրաստանում է եղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արդարադատության նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին: Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են նոտարական համակարգի, իրավաբանական անձանց պետական գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում:
Նախարարները, կարևորելով հուշագրի ստորագրումը, փաստել են, որ այն վերջին 15 տարիների առաջին համատեղ ծրագրային փաստաթուղթն է: Առավել մեծ կարևորություն է տրվել հուշագրից բխող ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև համատեղ աշխատանքային օրակարգի հաստատման պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում գործընկերները շեշտել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության կարևորությունը, ինչը խթանելու է դատաիրավական ոլորտի զարգացումն ու դրա հետագա կատարելագործումը: Նախարարները գլխավոր առաջնահերթություն են համարել արդարադատության համակարգերում փորձի փոխանակումը՝ ընդգծելով բաց համագործակցության անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա պրակտիկայում բացառել միմյանց սխալների կրկնությունը: