Հայաստանն ու Իրանը հարստացնում են իրավապայմանագրային բազան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ներկայությամբ փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել փետրվարի 27-ին Թեհրանում:

Համագործակցության խթանման փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի, նաև Հայաստանի նույն գերատեսչության ու Իրանի առևտրի, արդյունաբերության և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:

«Ռոյթերս»-ը հայտնում է, որ հուշագրերը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի կողմից ստորագրված առաջին փաստաթղթերից են. հրաժարականի դիմումը պաշտոնապես մերժվելուց հետո նա անցել է պարտականությունների կատարմանը:

Հայկական կողմից փաստաթղթերը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: 

Փետրվարի 26-ին Զարիֆը հրաժարական էր տվել: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, սակայն, նամակ Էր ուղարկել նրան՝ հրաժարվելով ընդունել հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով 

երկրի շահերի համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել փետրվարի 27-ին: 

Վարչապետն Իրանում է երկօրյա պաշտոնական այցով: Թեհրանում այցի շրջանակում վարչապետն արդեն 

հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի 

անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի 

նախագահ Ալի Լարիջանիի հետ: