Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբում մայիսի 18-ին ԵՏՀ-ի և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հանձնաժողովի կողմից հուշագիրը ստորագրել է ինտեգրման և մակրոտնտեսագիտության գծով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, իսկ Սինգապուրի կողմից' առևտրի և արդյունաբերության նախարար Կո Պո Կունը:

 

 

«Փոխըմբռնման հուշագրի շրջանակում ենթադրվում է լայն համագործակցություն տնտեսական գործունեության բոլոր ուղղություններով, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Հուշագրի ստորագրումը նոր էջ է բացում մեր հարաբերություններում. դրանք համակարգված կլինեն»,-ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

 

 

Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը նշել է, որ ստորագրված փաստաթուղթը կարևոր, դրական քայլ է Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության համատեքստում: Նա հույս է հայտնել, որ այն առևտրի և ներդրումների զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծի:

 

 

Փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է համագործակցության լայն հնարավորություններ: Դրա շրջանակում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կկարգավորի ԵՏԿ և Սինգապուրի կառավարության հարաբերությունները: