Հայաստան-Բուլղարիա խորհրդարանական բարեկամական խմբերը համագործակցության հուշագիր են ստորագրել, որում ամրագրված են խմբի անելիքների և համագործակցության հիմնական ուղղությունները:
Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի հայաստանյան պատվիրակության ղեկավար Ջեմմա Բաղդասարյանը' ներկայացնելով ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակության' Բուլղարիա կատարած այցի արդյունքները: «Մենք մեր գործընկերների կողմից Բուլղարիա այցելելու հրավեր ստացանք այս տարվա հունվարին, և այդ ժամանակ որոշել ենք, որ մենք պետք է մշակենք և ստորագրենք փաստաթուղթ, համագործակցության հուշագիր, որում ամրագրված կլինեն մեր համագործակցության հիմնական ուղղությունները: Փոխհամագործակցության սկզբունքով մենք այդ հուշագիրը մշակել էինք և այս այցի ընթացքում այն ստորագրեցինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ Բուլղարիայում ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակության անդամները պաշտոնական հանդիպում են ունեցել Բուլղարիայի Ժողովրդական ժողովի փոխխոսնակ Էմիլ Խրիստովի հետ, ում շնորհակալություն են հայտնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու համար: «Անդրադարձ ենք կատարել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Գիտեք, որ 2018 թ. Բուլղարիայի խորհրդարանն ընդունել է հայտարարություն, որում խոսք է գնում Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի զանգվածային կոտորած իրականացնելու մասին, իսկ ապրիլի 24-ը հայտարարվել է որպես զոհերի հիշատակի օր: Մենք ծանոթացանք նաև այն պատգամավորի հետ, ով այդ փաստաթուղթը երեք անգամ խորհրդարան է բերել' մինչ դրա ընդունումը: Աշխատանքները շարունակվում են, և մենք հույս հայտնեցինք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքներն արդյունք կտան»,- ասաց պատգամավորը:
ՀՀ ԱԺ պատգամավորները իրենց գործընկերների հետ հանդիպումների ընթացքում բարձրացրել են Երևան-Սոֆիա կամ Երևան-Բուրգաս մշտական ուղիղ ավիաչվերթ ունենալու հարցը, ինչը կարող է նպաստել տնտեսական համագործակցության ակտիվացմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը: