Գեղարքունիքի մարզպետարանում այսօր Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանի եւ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր:

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշագրով նախատեսվում է համագործակցություն հաստատել Գեղարքունիքի մարզի առողջապահական բոլոր ձեռնարկությունների եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի միջեւ:

 

Գեղարքունիքի մարզի բնակիչները, ովքեր ունեն առողջական խնդիրներ, կարող են «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից հետազոտվել այն գնացուցակներով, որոնք սահմանված են Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում:

 

Նախապես ներկայացված հայտերի հիման վրա «Էրեբունի» ԲԿ-ից մարզ կգործուղվեն համապատասխան մասնագետները, ովքեր հարկ եղած դեպքում մայրաքաղաք կտեղափոխեն այն հիվանդներին, որոնց վիրահատումը կամ բուժումը տեղի հաստատություններում կհամարվի անհնարին կամ ոչ նպատակահարմար:

 

Հիվանդների վիրահատումը կամ բուժումը մարզում «Էրեբունի» ԲԿ բարձրակարգ մասնագետ բժիշկների կողմից դարձյալ կիրականացվի Գեղարքունիքի մարզի առողջապահական հասատատություններում սահմանված գներով:

 

Բացի այդ, Գեղարքունիքի առողջապահական ձեռնարկությունների բժիշկների համար «Էրեբունի» ԲԿ բարձրակարգ մասնագետների կողմից կանցկացվեն սեմինար-պարապմումնքներ եւ վերապատրաստման դասընթացներ՝ անվճար հիմունքներով: Այսօր կայացավ նաեւ առաջին համաժողով-դասընացը' հինգ կարեւոր թեմաների շուրջ, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի առողջապահական բոլոր 40 հաստատությունների տնօրենները եւ բժիշկները:

 

Դասախոսություններով հանդես եկան «Էրեբունի» ԲԿ առիթմոլոգիական ծառայության ղեկավար Լուսինե Մխիթարյանը, անգիոգրաֆիկ ծառայության ղեկավար Արսեն Ծատուրյանը, Նյարդաբանական բաժանմունքի ղեկավար Նունե Եղիազարյանը, պարանոցային անոթների եւ սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար Մեսրոպ Շատախյանը, ընդհանուր եւ էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Դավիդ Սահակյանը:Դասընթացի մասնակիցներին «Էրեբունի» ԲԿ տնօրինության կողմից հանձնվեցին վկայականներ:

 

«Այս համագործակցությունը գալիս է փոխարինելու «բաց դռների օր» միջոցառումներին, որոնք Գեղարքունիքի մարզում առողջական խնդիրներ ունեցող, ինչպես նաեւ նրանց սպասարկող բուժանձնակազմի համար բավարար արդյունք չէին ապահովում: Մեր համագործակցությունը մարզի բնակիչների համար լինելու է ե՛ւ արդյունավետ, ե՛ւ շարունակական»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը:

 

Խոսրով Խլղաթյան