Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Կրեմլում կայացած բանակցություններից հետո դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։
Ինչպես ավելի վաղ նշել էր Ռուսաստանի ղեկավարը, փաստաթուղթը նախատեսված է «մեր երկկողմ հարաբերություններում նշանակալի իրադարձության՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ»: Պուտինը հռչակագրի ստորագրումն անվանել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման նոր փուլ։
Ալիևն ընդգծել է, որ «հռչակագիրը բավականին ընդարձակ է, այն պարունակում է ավելի քան 40 կետ, այն ընդգրկում է մեր փոխգործակցության կարևորագույն ոլորտները և <...> կարևոր նշանակություն կունենա մեր երկկողմ հարաբերությունների ապագայի համար»։ Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ փաստաթուղթը «միանշանակ շատ դրական նշանակություն կունենա» երկու երկրների, նրանց փոխգործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության համար։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 4-ին։ Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես սկսեց իր գործառույթները կատարել 1992 թվականի սեպտեմբերի 25-ից։