Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Ադրբեջանի նրա պաշտոնակից Իլհամ Ալիեւը նոյեմբերի 5-ին Թբիլիսիում կայացած հանդիպման արդյունքում ստորագրել են փաստաթուղթ, որը միտված է երկկողմ գործակցության ակտիվացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է վրացական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

 

Նրա տեղեկատվության համաձայն՝ «Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության խորացման մասին հռչակագիրը» «երկու երկրների գործընկերության ընդլայնում է նախատեսում քաղաքականության, անվտանգության, առեւտրի, էկոնոմիկայի, տարանցման, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում»:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, արարողության ավարտին Ալիեւն ասել է, որ «Վրաստանը Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է»: «Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը երկու պետությունների միջեւ»,- հավելել է նա: