Ինչպես հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլը, Գեորգի Մարգվելաշվիլին և Իլհամ Ալիեւը մայիսի սկզբին կհանդիպեն Թբիլիսիում: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

 

«Ավելի վաղ երեք երկրների ներկայացուցիչների այդ հանդիպումներն անցկացվել են էկոնոմիկայի նախարարների, հետո' ԱԳՆ մակարդակով, իսկ այժմ որոշում է ընդունվել եռակողմ հանդիպում կազմակերպել նախագահների մակարդակով», -ասել է նա:

 

Վրաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով' հանդիպման օրակարգը և ճշգրիտ ժամկետը որոշվելու են երեք երկրների ղեկավարների և ԱԳՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունների ընթացքում:

 

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների' այդ ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Գյանջայում: Հանդիպման ժամանակ քննարկվել են երեք երկրների միջև փոխհամագործակցության և տարածաշրջանային համագործակցության հարցեր: