Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթը տեղադրված է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

 

Փաստաթուղթը ստորագրվել է 2013թ. հունիսի 25-ին, Երևանում: Այն սահմանում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի, ռազմական խմբավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների վերազինման նպատակներով ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների իրականացման կարգը:

 

Ուղեկցվող փաստաթղթերում ասվում է, որ պայմանագրի համաձայն, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումները կիրականացվեն ըստ երկու կողմերի իրավասու կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, առանց արտահանման/ներմուծման լիցենզիայի տրամադրման: