ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների (ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան) համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմները:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, գերատեսչությունների համապատասխան պատասխանատու ստորաբաժանումների, Սևանա լճի հարակից համայնքների ղեկավարները:
ՀՀ բնապահպանության նախարարը, հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N2459-119 գրությունը, ստորագրել է «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 323-Ա հրամանը: Հրամանով նախատեսված է Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է, որ երեք գերատեսչությունների ղեկավարների ստորագրած համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված է փակել Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհները և տեղակայել հսկիչ կետեր, իրականացնել «Սևան» ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերումը, սահմանել շուրջօրյա հերթապահություն' մշտական կապ պահպանելով իրավապահ մարմինների հետ, արգելել բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: Նախատեսվում է նաև Լիճք, Վարդենիկ, Մաքենիս և Մասրիկ գետերի ավազանում գտնվող Լիճք, Վարդենիկ, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան, Սոթք, Կարճաղբյուր, Ներքին Շորժա, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Ակունք, Պատվան, Խաչաղբյուր, Լուսակունք, Տորֆավան համայնքների բնակչության հետ տանել համապատասխան բացատրական աշխատանք, միաժամանակ սահմանելով խիստ հսկողություն այդ համայնքների հարակից տարածքներով հոսող գետերի հունի երկայնքով: Միաժամանակ շարունակվելու են Սևանա լճի «սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում, կազմակերպվելու են ստուգայցեր նաև Սևանա լճի վրա և "Սևան" ԱՊ տարածքում:
«Սևանա լիճը պարզապես ջրային տարածք չէ, և մեր նպատակը ոչնչացմանը տանող գործողությունները կանխելն է, դրա համար շատ ենք կարևորում այն բացատրական աշխատանքները, որ պետք է իրականացնենք համայնքային բնակչության շրջանում: Համայնքի ղեկավարներին ուղղակի խնդրում եմ՝ լինենք ըմբռնող և մեր բնակիչներին բացատրենք, որ սա իսկապես այն ժամանակահատվածն է, որ անհրաժեշտ է, որպեսզի մենք պահենք, պահպանենք մեր հիմնական հարստությունը: Մենք ոչ միայն պետք է օգտագործենք վարչական լծակները, այլ նաև փորձենք լայն բացատրական աշխատանքի միջոցով կանխել ձկնորսների մուտքը դեպի լիճ ու այնտեղ թափվող գետեր: Ավելին, ձկների ձվադրության շրջանում սահմանված արգելքի իրականացումը հնարավորություն կտա Սևանա լճում բնական ճանապարհով վերարտադրությանը և պաշարների ավելացմանը, ինչն էլ, իր հերթին կավելացնի ձկնորսների եկամուտը: Կարծում եմ, մենք կկարողանանք համատեղ ուժերով իրականացնել միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը»,-մասնավորապես իր խոսքում նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Խորհրդակցության ժամանակ տրվել են համապատասխան հանձնարարականներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանել շուրջօրյա հսկողություն, յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անցկացնել համատեղ խորհրդակցություններ' կատարված աշխատանքների ամփոփման նպատակով: