Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր' հունիսի 25-ին, հանդիպել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր:

 

Հանդիպման ընթացքում նախարարներն ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին հուշագիր: Այն ներառում և վերահաստատում է 2007 և 2010 թվականներին կնքված երկկողմ հուշագրերով նախատեսված դրույթները, ինչպես նաև նախանշում ոլորտի աշխատողների մասնագիտական որակավորման հետագա բարձրացման և վերապատրաստման ուղղությամբ համատեղ միջոցառումների՝ գիտաժողովների, դասախոսությունների, գործնական հանդիպումների կազմակերպում և անցկացում' Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու հարցում կողմերը կարևորել են էլեկտրոնային համակարգերի ներդրումը:

 

ՀՀ արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցության մակարդակը ու վստահություն հայտնել, որ այն կնպաստի ավելի զարգացած ու իրավական պետություն ունենալուն: «Ես ինձ իմ հայրենիքում եմ զգում: Այս այցը ոչ միայն արդյունավետ է փոխգործակցության համատեքստում, այլև հետաքրքիր ապրումներ է պարգևում մեզ. մենք մեր Արցախում ենք՝ մեր հողում, որտեղ և որոշվել է մեր հայրենիքի և ժողովրդի ճակատագիրը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

 

Հովհաննես Մանուկյանը ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին արդարադատության ոլորտում մատուցած նշանակալի ներդրումների համար, պարգևատրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալով: