Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 4-ին հանդիպել է Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի համադաշնության նախագահ և Արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերին: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Վերջին տարիներին Հայաստանը և Շվեյցարիան լուրջ առաջընթաց են արձանագրել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման առումով, և մենք լիահույս ենք համատեղ ջանքերով առավել խորացնելու և զարգացնելու մեր հարաբերությունները»:
«Մենք ունենք շատ լավ ու բարեկամական հարաբերություններ, ամուր իրավապայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը, նախատեսվում է շվեյցարացի գործարարների այցելություն Հայաստան, որի արդյունքում, հուսով եմ, հնարավոր կլինի Շվեյցարիայից ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում»,- ասել է Շվեյցարիայի Նախագահը։
«Հայաստանն աջակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Շվեյցարիայի նախագահությանը և պատրաստ է իր նպաստը բերել շվեյցարական նախագահության առաջնահերթությունների իրագործմանը, որոնց շարքում, անշուշտ, կարևորում է անվտանգության և կայունության խթանմանը, Հարավային Կովկասում վստահության ամրապնդման միջոցների իրականացմանն ուղղված ջանքերը»,- հավելել է նախարար Նալբանդյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ուղիները, անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող քայլերին։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը։
ԵԱՀԿ գործող նախագահը շեշտել է, որ շվեյցարական նախագահությունը անվերապահորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը. և ափսոսանք է հայտնել, որ առ այսօր հնարավոր չի եղել իրականացնել միջնորդների՝ միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը, ինչի կապակցությամբ արտգործնախարար Նալբանդյանը բարձր է գնահատել գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները և կարևորել դրանց շարունակականության ապահովումը:
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դիդյե Բուրկհալտերը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջև՝ երկու գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման մասին: