ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Ֆրանսիայի ԶՈւ երկկողմ ռազմական համագործակցության վարչության ներկայացուցիչների միջև ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի ռազմական կցորդի մասնակցությամբ ապրիլի 15-ից 16-ը անց են կացվել երկկողմ պաշտպանական քննարկումներ: Քննարկումները հիմնականում վերաբերել են հայ-ֆրանսիական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերին:

 

Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է քննարկումների համար Երևանում գտնվող Ֆրանսիայի ՊՆ պատվիրակությանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը' մասնավորապես, ռազմական կրթության, ռազմական առողջապահության և խաղաղապահ գործողությունների բնագավառներում:

 

Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանը և Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության պետ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Ա.Վիլլերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2014թ. պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության լրամշակված պլանը: