Հայ-հրեական ծագումով ռուսալեզու գրող Սերգեյ Դովլաթովի մասին ֆիլմ կնկարահանվի, որի վրա այժմ աշխատում են հայկական և ռուսական ստեղծագործական թիմեր: Ֆիլմի ստեղծմանը կաջակցի ՀՀ մշակույթի նախարարությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 16-ին նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

 

«Այժմ մի շարք խաղարկային և վավերագրական ֆիլմեր են նկարահանվում մեր աջակցությամբ: Այդ շարքում շատ հետաքրքրական է մի նախաձեռնություն, որը վերաբերում է Սերգեյ Դովլաթովին՝ մի անձի, ում պետք է վաղուց անդրադարձ կատարած լինեինք: Ինձ համար շատ հետաքրքիր է, թե այդ ֆիլմն ինչպիսին կստացվի, և թե ինչքանով կկարողանանք ուշադրության կենտրոն բերել այն անհատներին, որոնց դեռ ժամանակ չենք ունենցել անդրադառնալու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հասմիկ Պողոսյանը:

 

 

Նախարարն ընդգծեց, որ խուսափոմ է խոսել ֆիլմի ստեղծման ժամկետների մասին, որովհետև ֆիլմարտադրության մեջ ժամկետներ նշելիս սխալվելու հավանականությունը մեծ է:

 

 

«Ամեն դեպքում՝ այն ներգրավված է այս տարվա ծրագրերում: Խաղարկային տարրերով հագեցած վավերագրական ֆիլմ է: Սցենարը կարդացել եմ և տվել իմ անձնական հավանությունը: Ֆիլմի սցենարիստը հայ է: Նկարահանումները կատարվում են Սանկտ Պետերբուրգում և Նյու Յորքում: Սպասենք և տեսնենք, թե ինչ արդյունք կունենանք: Համենայնդեպս, այն սցենարը, որին ծանոթացել ենք, բավականին տպավորիչ է: Հուսանք, որ արդյուքն էլ ավելի ազդեցիկ կլինի»,- նկատեց նա:

 

 

Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941 թվականին Ուֆայում' հրեա թատերական ռեժիսոր Դոնաթ Մեչիկի և հայ սրբագրիչ Նորա Դովլաթովայի ընտանիքում: 1959թ. ընդունվել է Լենինգրադի Ժդանովի անվան պետական համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորել երկուսուկես տարի, որտեղ շփվել է հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը, Իոսիֆ Բրոդսկին և ուրիշներ: Զբաղվել է լրագրությամբ' թղթակցելով բազմաթիվ պարբերականների: 1976թ. առաջին անգամ նրա գործերից մի քանիսը տպագրվել են արևմտյան մի քանի ռուսալեզու պարբերականներում, որի պատճառով գրողին հեռացրել են ԽՍՀՄ Ժուռնալիստների միությունից: 1979թ. հեռացել է ԽՍՀՄ-ից և բնակություն հաստատել Նյու Յորքում: Տարագրության տարիների ընթացքում ԱՄՆ-ում և Եվրոպայում հրատարակել է տասներկու գիրք: